Եվրամիության նպատակն է 2017-ը կոռուպցիայի դեմ պայքարի տարի դարձնելը՝ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի բացման շրջանակում։ «Մենք ցանկանում ենք 2017-ը դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի տարի։ Այս տարին հնարավորությունների և բեկումնային տարի է լինելու։ ՀՀ նոր կառավարության ու քաղաքացիական հասարակության ջանքերը ցույց են տալիս, որ կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները կոռուպցիայի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- նշեց դեսպանը։
Նա ընդգծեց, որ ԵՄ-ն հասարակությանն իրազեկելու նպատակով պատրաստում է անիմիացիոն ֆիլմեր, որոնք պատմում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը կոռուպցիայի դեմ պայքարում: «Կոռուպցիայի բացասական ազդեցության մասին պատկերացումները մարդկանց մոտ պետք է ձևավորվեն վաղ հասակից»,- նշեց դեսպանը: